Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի քաղաքական գործընթացի մոդերացիան իրականացնել «ինքնատիպ» մտքերով, որոնք, ի դեպ, դժվար է օրիգինալ համարելը:
ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ամենակարևոր հատվածը ժողովրդավարությունն «օգտագործելով» հակաժողովրդավարության հաստատումը կանխելու մասին ձևակերպումն է: Դա է, ըստ էության, նրա այսօրվա ուղերձի «գաղափարական աղը»:
Եվ այստեղ առաջանում է, թերևս, ամենասկզբուքնային հարցը՝ ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական։
Փաշինյանի խոսքը խիստ վտանգավոր ենթատեքստի մասին է. նա իրեն կամ իր թիմին պատկերացնում է ոչ թե ժողովրդավարական մրցակցության մասնակցի, այլ «արբիտրի», ժողովրդավարության ինքնահռչակ պահապանի դերում:
Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը իշխանության իրական փոփոխելիությունն է։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդի հնարավոր հաղթանակը նախապես հռչակում է ժողովրդավարության սպառնալիք, ապա առաջանում է ընտրողների կամքը սահմանափակելու վտանգ։
Հենց այսպիսի տպավորություն է ստեղծում Փաշինյանի այսօրվա տեսանյութը:
Ժողովրդավարական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը դրսևորվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ով իրավունք ունի հաղթելու ընտրություններում, այլ խոսքով՝ ուվագծվում է «բարի» և «չար» ուժերի արհեստական խճանկար:
Պետք է հստակ տարանջատել ժողովրդավարության պաշտպանությունն ու սեփական իշխանության ինքնապաշտպանությունը: Սակայն դա հնարավոր չէ անել այն տրամաբանությամբ, ինչն այսօր գեներացնում է Փաշինյանը՝ քաղաքական մրցակցությունից, պետական ինստիտուտներից վեր կանգնած «արբիտրի» տրամաբանությամբ:
Փաշինյանն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ։ Նրա հռետորաբանությունը հիշեցնում է եվրոպական լիբերալ քաղաքական մեյնստրիմի այն մոտեցումները, որոնց համաձայն՝ ժողովրդավարությունը երբեմն պետք է պաշտպանել նույնիսկ ավտորիտար եղանակներով: Այստեղ առաջանում է ակնհայտ պարադոքս. ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու գայթակղությունը հակասում է հենց ժողովրդավարության սկզբունքներին։
Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ բանավեճը, իսկ Ֆրանսիայում Մարին Լը Պենի քաղաքական ու դատական խնդիրները բացահայտում են դեմոկրատական ինստիտուտների խորքային ճգնաժամը:
Եվրոպայի լիբերալ վերնախավերը պարտավոր են պատասխանել այն հարցին, թե ինչու են միլիոնավոր քաղաքացիներ երես թեքում իրենցից՝ ժողովրդականություն ձեռք բերող արտահամակարգային ուժերին վտանգավոր համարելու փոխարեն:
Սա է ճգնաժամի հաղթահարման բանալին, իսկ քաղաքական մրցակիցների հնարավոր հաղթանակը կանխելու ձգտումը կարող է խորացնել հենց այն ճգնաժամը, որի դեմ իբրև թե «հերոսաբար» պայքարում են նույն Մերցն ու Մակրոնը:
Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի շարժումներն ունեն տարբեր պատճառներ՝ սոցիալական անհավասարություն, տնտեսական անապահովություն, կոռուպցիա, պետական քաղաքականության նկատմամբ անվստահություն, սակայն դրանց հիմքում կարելի է տեսնել մի ընդհանուր խնդիր՝ քաղաքացիների և քաղաքական ինստիտուտների միջև վստահության թուլացումը։ Այլ խոսքով՝ Եվրոպայում հույսի և վստահության ճգնաժամ է:
Եվրոպական քաղաքական վերնախավերի հիմնական, ճակատագրական սխալն այն է, որ նրանք պայքարում են հետևանքի դեմ՝ պատճառները վերացնելու փոխարեն: Արդյունքում՝ մեյնստրիմից, համակարգից դուրս գործող ուժերի վարկանիշը միայն աճում է:
Վերադառնալով Հայաստան՝ պետք է ընդգծել, որ Փաշինյանի հայտարարությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե դրա ժողովրդավարական բառապաշարով, այլ իշխանության իրական գործելակերպով։
Իշխանությունը պետք է երաշխավորի հավասար քաղաքական մրցակցությունը, ընդդիմության իրավունքները, իրավապահ մարմինների անաչառությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։
Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերը պետք է անկախ քննության արժանանան՝ անկախ նրանից, թե ենթադրյալ խախտումն ում քաղաքական շահերին է ծառայել։
Երբ ինստիտուցիոնալ գործիքակազմին փոխարինելու է գալիս Փաշինյանի միջամտությունը, դա ժողովրդավարության իմիտացիա է՝ ավտորիտարիզմ հաստատելու նպատակով:
Ուզո՞ւմ է Փաշինյանը դասեր քաղել եվրոպական քաղաքական ճգնաժամից՝ ուրեմն պետք է գնա ոչ թե քաղաքական մրցակցության սահմանափակման, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհով:
Հայաստանի քաղաքական համակարգի գոյությունը չի կարող պայմանավորվել գործող իշխանության անփոխարինելիությամբ:
Ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կարող է առաջանալ հենց այն ժամանակ, երբ այդ արժեքների անունից խոսող քաղաքական վերնախավերը փորձում են մենաշնորհել դրանց մեկնաբանությունն ու պաշտպանությունը:
«Ժողովրդավարության» անունից ժողովրդավարությունը սահմանափակելու գայթակղությունը ժամանակակից քաղաքականության ամենավտանգավոր հակասություններից մեկն է։
Եվրոպական քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հասարակության դժգոհությունը անտեսելը, քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձերը և սեփական իշխանությունը ժողովրդավարության հետ նույնացնելը։
Փաշինյանը փորձում է Հայաստանում վերարտադրել այդ մտածողության վտանգավոր տարրերը՝ ժողովրդավարության պաշտպանության օրակարգը վերածելով սեփական իշխանության վտանգավոր ինքնապաշտպանության:
Ի վերջո, ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլև, առաջին հերթին, այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները:
Սուրեն Սուրենյանց